Արևագալի Արարողութիւն Սրբոց Վարդանանց Եկեղեցում

Թւականիս երեքշաբթի մարտի 21-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արևագալի արարողութիւն, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, բոլոր քահանայ հայրերի և հաւատացեալ ժողովրդի:

12-րդ դարի Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի գրած ու յօրինած շարականները յաջորդաբար երգւելով՝ իւրայատուկ մի մթնոլորտ էր ստեղծում եկեղեցում, ուր բոլոր ներկաները կամայ-ակամայ երախտագիտական հոգով Աստծուն փառք էին տալիս ու շնորհակալութիւն յայտնում Նրա, մարդկանց վրայ հեղած բազում և անհամար բաիքների և օրհնութիւնների համար, յատկապէս՝ կեանքին, առաւօտեան լոյսին, Աստւածային ճշմարիտ լոյսին՝ Քրիստոսին ինչպէս նաև Ճանապարհին ու Ճշմարտութեան, որով հաւատացեալն ընթանալով, մուտք է գործելու յաւիտենականութիւն և անվախճան կեանք:

Մանասէ թագաւորի ապաշխարութեան, հաւաքական զղջումի ու խոստովանութեան աղռթքների ընթերցումից և  հոգեցունց Տէր ողորմեա երգից յետոյ, օրւայ աօիթով քարոզեց Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Սրբազան Հայրը խօսեց Միջինքի դաստիարակիչ և հոգևոր առումով մարդս և այս պարագային հաւատացեալը զգաստացնելու, քաջալերելու, գիտակցութեան հրաւիրելու և վերանորոգման ճամբով անհրաժեշտօրէն իր կեանքի միջինքն ապրելու, լիարժէք փոփոխութիւն ունենալու և փորձարկելու յոյժ կենսական դերակատարութեան մասին, հրաւիրելով ներկաներին, որ անպայման իրենց անձը ինքնաքննութեան ենթարկելով՝ Աստւածաշնչական ու մեր եկեղեցու և ազգի հերոսների ու դէմքերի նման իրենք էլ իրենց կեանքի միջինքը ապրեն, որպէսզի կարողանան արժևորելով ու ի կատար անելով իրենց կեանքը՝ մուտք գործել դէպի յաւիտենական կեանք ու երկնային արքայութիւն:

Արարողութեանը ներկայ էր նաև Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ատենապէտ՝ պրն. Ժոզէֆ Մեհրաբեանը:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Սրբոց Վարդանանց եկեղեցու խորհուրդը, խորհրդի ժողովասրահում հիւրասիրեց Առաջնորդ Սրբազան Հօրը և քահանայ հայրերին: