«Իրանահայութեան» թեման՝ Թեհրանի հայոց դպրոցների աշակերտների ձեռքի աշխատանքներում

«ԱԼԻՔ» - Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի  եւ կազմակերպութեամբ խորհրդի կողմից կեանքի կոչւած  դաստիարակչական յանձնախմբի, կիրակի մարտի 5-ի  երեկոյեան իւրայատուկ ցուցահանդէս է կազմակերպւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ, որտեղ պարսկերէն բացատրութեամբ եւ գեղեցիկ մակետներով ներկայացւած է իրանահայութիւնը:

Իւրաքանչիւր դպրոց իր տաղաւարում իւրօրինակ դասաւորումով արտացոլել է այն ամէնը, որը արդիւնքն է դարաւոր վաղեմութեամբ իրանահայ համայնքի գիտական, մշակութային գեղարւեստական եւ մի խօսքով բոլոր ոլորտներում ցուցաբերած ներդրումների:

Ցուցահանդէսի մեկնարկը կատարւեց միութեան «Յովհաննէս Թումանեան» սրահում, զուգորդւած գեղարւեստական-բանախօսական յայտագրով:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախումբը, ղեկավարութեամբ Արփի Սիմրոջեան-Նազարեանի, կատարեց Տէրունական աղօթքը եւ Իրանի պետական հիմնը, իսկ ընթացքում իրանական եւ հայկական երգեր: Միջոցառման բացման խօսքով հանդէս եկած Արգիշտի Աղաջանեանը իր համապարփակ ելոյթի ընթացքում անդրադարձաւ Իրանում իրանահայ համայնքի բազմաբովանդակ եւ անմնացորդ ներդրումների  մասին: Նա ապա թւարկեց այն իրանահայերի անունները, որոնք երկրում դարձել են ռահվիրաներ, տպագրութեան, ճարտարապետութեան, կինոյի, լուսանկարչութեան, երաժշտութեան, աստղագիտութեան, ֆիզիկայի, հոգեբուժութեան եւ այլ բնագաւառներում:

Հանդիսութեան գեղարւեստական յայտագիրը իրականացրին հէնց հայոց դպրոցների աշակերտ-աշակերտուհիները: «Մարի Մանուկեան»-ից ասմունքեց Հազրէ Շահնազարեանը, վիոլոնի կատարումը իրականացրեց Մանուէլ Աբնուսեանը՝ «Ռոստոմ»-ից, դաշնամուրի կատարումով ելոյթ ունեցաւ Սիոնա Առաքելեանը՝ «Արարատ» դպրոցից, իսկ սաքսիֆոնի կատարումով Դւին Զաղեանը՝ «Գոհար» դպրոցից: Ապա ցուցադրւեց համապարփակ տեսաֆիլմ ամփոփւած երեք գլուխների տակ՝ Նոր Ջուղայի եւ Թեհրանի հայկական համայնքների ձեւաւորում եւ Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի եւ պարտադրեալ  պատերազմի տարիներին իրանահայ համայնքի ներդրումների մասին: Միջոցառմանը Կրթական խորհրդի անունից արտայայտւեց Դաւիթ Մարգարեանը, անդրադառնալով Կրթական խորհրդի աշխատանքների մասին: Հրաւիրւեց արտայայտւելու «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի տեսուչ՝ պրն. Բահիրային, ով իր արտայայտութիւնների ընթացքում անդրադարձաւ Իրանում կրթական համակարգի զարգացման  եւ այն մասին, որ հայոց դպրոցներում այսօր դասերի մաս են կազմում այնպիսի նիւթեր, որոնք ընկալելի չեն եւ յոյս յայտնեց, որ կարելի է ինչ որ քայլեր ձեռնարկել այդ ուղղութեամբ: 

Վերջում միութեան ներքեւի սրահում,  ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, Կրթական խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանի, բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը շարունակւեց է մինչեւ մարտի 8-ը: