Արևագալի Արարողութիւն Ս. Սարգիս Եկեղեցում

Երեքշաբթի 2017 թւի մարտի 7-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը, որոնք ներկայ լինելով վերոյիշեալ արարողութեանը, քահանայ հայրերի ապաշխարողական աղօթքներով, շարականներով և հոգևոր երգերով առաւել ևս զօրացրեցին իրենց հաւատքը։

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը քարոզեց և իր քարոզն սկսեց սոյն բացատրութեամբ՝ «Մեծ Պահքը, մեր հոգին դէպի Աստւած առաջնորդող ամենահարստացուցիչ ժամանակահատւածն է: Արևգալի արարողութիւնները մեզ մղում են, որպէսզի հետևենք մեր Փրկչի կեանքի օրինակին»:

Միւս բաժնում Առաջնորդ Սրբազանը շեշտեց՝ «Մեծ Պահքի այս շրջանն ապաշխարութեան շրջան է, բոլորս էլ գիտենք թէ մարմնապէս և թէ հոգեպէս մենք մեզ որոշ բաներից պիտի զրկենք և ժուժկալութեամբ պիտի ապրենք, որպէսզի Աստծոյ օրհնութեան արժանանաք»: «Մենք իսլամական ովեանոսի մէջ ենք ապրում և այդ ովկեանոսի մէջ մեր գոյութեան պահպանումն այնքան էլ հեշտ չէ, պահանջում է ամուր հաւատք, ամուր յանձնառութիւն մեր պատկանելիութեան: Երբ մենք յանձնառու քրիստոնեայ ենք, մեր իսլամ քոյրերի և եղբայրների կողմից աւելի յարգանքի ենք արժանանաում»:

Յայտնենք որ Արևագալի ժամերգութիւնը տեղի է ունենում նաև ամէն չորեքշաբթի և ուրբաթ օրերին առաւօտեան ժամերին: