Անձնուրաց՝ Էդւարդ Նազարեանի Յուղարկաւորումը

Դարձեալ մի զոհ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմից: 

Վախճանւեց քիմիական պայթիւնից տուժած վիրաւոր հայ զինւոր՝ Էդւարդ Նազարեանը:

Երկուշաբթի 20 փետրւարի 2017 թւին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, հոծ բազմութեան ներկայութեամբ, տեղի ունեցաւ հանգուցեալ Էդւարդ Նազարեանի թաղման կրօնական արարողութիւնը:

Արարողութեան ներկայ էին հանգուցեալի զինակից ընկերները, նահատակների և անձնուրացների ընտանիքները, թաղի ժողովուրդը, Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի ներկայացուցիչ՝ Վարդան Բաբախանեանը, Թ.Հ.Թ.-ի պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբի լրիւ կազմը, Զէյթուն քաղաքամասի թաղային խորհուրդը և Իրանի նահատակների հիմնարկի (بنیاد شهید) տեղակալ՝ Հոջ. Մոհամմադ Թաղի Մոհամմադին և նոյն հիմնարկի խորհրդատու՝ Արբի Թէյմուրեանը և Թեհրանի նահատակների հիմնարկի ութերորդ շրջանի նախագահ՝ Դաւարիփուրը, իր գործակիցներով:

Կրօնական արարողութիւնից յետոյ, եկեղեցու շրջափակում հանգուցեալի կենսագրականը ընթերցեց թաղի ծխատէր քահանայ՝ Տ. Մեսրոպ Ռաթէոսեանը, որից յետոյ դին փոխադրւեց Նոր Բուրաստան գերեզմանատուն և ամփոփւեց նահատակների բաժնում:

Ցաւակցութիւններն ընդունեցին Զէյթուն քաղաքաքամասի Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան Սուքերեան սրահում, որտեղ արտայայտւեց Իսլամական Խորհրդարանի Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, որն իր խօսքում նշեց՝ «Իրանահայութիւնը իրան-Իրաք պարտադրեալ պատրեազմի ընթացքում 103 նահատակներ է նւիրել Իրանի սրբազան հողին և դարեր շարունակ ամենադժւարին պայմաններում տարբեր ժամանակաշրջաններում կանգնելով իր իսլամ իրանցի եղբայրների կողքին իր զոհաբերութիւնն է բերել հայրենիքի համար: Իրան-Իրաք պատերազմում ունեցել ենք վիրաւորներ և գերիներ, որոնք պայքարի մէջ են եղել թշնամու հետ և իրենց ամենաթանկագին կեանքն են նւիրել Իրանին»:

Այնուհետև արտայայտւեց անձնուրացների յանձնախմբի նախագահ՝ Արման Բանդարին և հակիրճ խօսեց Էդւարդի կենսագրութեան մասին, ապա պարսկերէն լեզւով համառոտ զեկոյց ներկայացրեց պարտադրեալ պատերազմում իրանահայութեան դերի մասին:

Վերջում հանգուցեալի աներորդի՝ Վալոդ Հախինեանն իր և հանգուցեալի պարագաների կողմից շնորհակալութիւն յայտնեց ներկաներին:

Հայ Անձնուրացների Արժէքների Պահպանման Յանձնախումբ