Թ. Հ. Թ.-ի Յարաբերական Մարմնի հերթական հարցազրոյցը կայացաւ Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Կտակա-Կալւածային Մարմնի ատենապետ՝ պրն. Վահէ Թարոյեանի հետ:
Ստորև ներկայացնում ենք սոյն հարցազրոյցը:
Ի՞նչքան ժամանակ է սկսել էք աշխատանքը:
Կտակա-Կալւածային մարմինն այս շրջանի Թեմական Խորհրդի կողմից կեանքի կոչւեց 2015 թւականի, յուլիսի 5-ին:
Մինչ այսօր մարմինը ունեցել է 14 հերթական և արտահերթ նիստեր տարբեր անհատների ու հարցերի ուղղութեամբ:
Որպէս յանձնախմբի ատենապետ, կարելի՞ է ներկայացնել Ձեզ և ձեր մարմնի միւս անդամներին:
Վահէ Թարոյեանն եմ, մասնագիտութեամբ Իրաւաբան: Այս մարմնում ունեմ 9 տարւայ անցեալ, կազմում աշխատում են պրն. Պօղոս Պօղոսեանը, նախկին քաղաքապետարանի պաշտօնեայ և պրն. Յարութիւն Աբնուսեանը, նախկին Թեմական խորահրդի անդամ: Այս շրջանի կազմին անդամակցում են նաև պարոնայք՝ Արա Գալստեանը՝ գործարար կառավարման (مدیریت بازرگانی) մասնագէտ, Թադէ Այւազ Բալեանը՝ ճարտարագէտ և Քրիստ Արզումանեանը՝ համակարգչի մասնագէտ, որոնք անհրաժեշտ են մեր գործողութեան լաւագոյն առաջընթացի համար:
Ուրախ եմ յայտնելու, որ մարմնի անդամների միջև գոյութիւն ունի ջերմ յարաբերութիւն և փոխհասկացողութիւն, որը դիւրացնում է որոշումների կայացման գործը:
Թեմական Խորհրդի կողմից կապ է նշանակւել Տկն. Արմինէ Սեթխանեանը, որ իր կանոնաւոր և հետևողական մասնակցութեամբ նիստերին՝ օգտակար է հանդիսանում իր խորհուրդներով և տեղեկութիւնների փոխանցումով:
Խնդրեմ նշէք մինչ այժմ կատարած Ձեր աշխատանքները:
Մարմինն իր աշխատանքի առաջին իսկ օրւանից, բնականաբար զբաղւել է համայնքին պատկանող կալւածներին վերահասութիւն տալու գործով, որոնց մէջ են մտում դպրոցները, եկեղեցիները և բոլոր այն վարչական (اداری ) , գործարարական (تجاری) և բնակելի կալւածները, որոնք գոյութիւն ունեն Թեհրան քաղաքում և թեմին պատկանող այլ շրջաններում: Մարմինը ուսումնասիրել է կալւածների վիճակագրական խնդիրները, որի հիման վրայ ճշտւել են ապագայ անելիքները: Այդ շարքում կարող եմ նշել հետևեալ կարևոր կալւածների վերաբերեալ կատարւած աշխտանքները, որոնց խնդիրներին առաջնահերթութիւն ենք տւել՝
- Նկատի ունենալով «Բէյհաղիում» գտնւող մեր նորակառոյց շէնքի օրինական գործածութեան բնոյթը, քաղաքապետարանի նորմաներով ուսումնասիրել ենք դա և հանգել ենք լաւագոյն օգտագործման ձևի, որը ներկայացւել է Թեմական Խորհրդին:
- «Միրզայէ Շիրազի»-ի շէնքը ևս կարելի է համարել նորկառոյց և նկատի ունենալով շէնքի օրինական օգտագործման արտօնութիւնը և նրա բնոյթը, հաշւարկումներ ենք կատարել, որ անհրաժեշտ լինելու դէպքում, գործածութեան բնոյթը փոխել՝ քաղաքապաետարանի օրէնքների համաձայն:
- «Արզուման»-ի կալւածը, արդէն երկու տարի է, ինչ դատարանի միջոցով գրաւումից ազատւել է: Սոյն կալւածը չունի գործնական կառոյց և շատ հին է, և օգտագործելի դարձնելու համար անհրաժեշտ է այդտեղ մի նոր շէնք կառուցել: Քանի որ, այս կալւածն ունի բաւական մեծ տարածք, անհրաժեշտ է մեծ շինարարութիւն կատարել, որպէսզի արդարացնի ծրագիրը: Կատարւել են ուսումնասիրութիւններ, սակայն քանի որ շինարարութիւնը պահանջում է բաւականին բարձր գումարներ, առաջարկել ենք Թեմական Խորհուրդին, որ այս կալւածը տրամադրւի և օգտագործւի այլ ծրագրեր մշակելու համար:
- «Զանգ»-ի կալւածը, որն արդէն յայտնի է բոլորիս, մինչ այսօր ուղղակիօրէն, տնօրինւել է Թեմական Խորհրդի միջոցով, և մինչ այս կտակա-կալւածային մարմինն այս հարցով չի զբաղւել: Այս շրջանին, առաջին անգամն է, որ մարմինը զբաղւում է այս հարցով: Մարմնիս անդամներն անգամներ այցելել են այս կալւածը և մօտից ծանօթացել իրավիճակին: Կալւածն ունի ուրիշ բաժնատէրեր: Մտածւում է կալւածը վաճառելով հայթայթել սոյն բաժնատէրերի հասանելիք բաժինը, որոնք բարի են գտնւել և ժամանակին իրենց նւիրատւութիւնը կատարել են: Այս ուղղութեամբ տեղի են ունեցել բանակցութիւններ, բայց դեռ վերջնական համաձայնութեան չենք հանգել:
- Կալւածների շարքում կան մի շարք հնացած շէնքեր, կամ աւելի ճիշտ՝ միաւորներ (վահեդներ), որ հնարաւոր չէ բարեկարգելու կամ յարմար չեն ուրիշ ծրագրեր մշակելու համար, որովհետև բնոյթով հնացած են և փոքր: Հին լինելու պատճառով նոյնիսկ դրանց պահպանելը և նորոգելն էլ հնարաւոր չի և տնտեսական տեսակէտից՝ ոչ ձեռնտու: Այս առումով էլ մարմինը իր տեսակէտը յայտնել է Թեմական Խորհուրդին:
Խնդրում եմ հնարաւորութեան դէպքում որոշ տեղեկութիւններ փոխանցէք թեմիս շրջանների կալւածների մասին:
Թեմիս շրջանների կալւածների կապակցութեամբ պիտի տեղեկացնեմ, որ ուսումասիրւել և պատրաստւել են շրջանների կալւածների ցանկը:
- Սարի քաղաքում, բաւական ուսումնասիրութիւններ ենք կատարել: Մտածւում է այնտեղ կառուցել խանութներ կամ այլ եկամտաբեր միջոցներ:
- Գորգան քաղաքում ունենք մի քանի կալւածներ որոնք անգործածելի են և չունեն շահաբեր բնոյթ: Դրանք կարելի է վաճառել և մեկտեղելով՝ օգտագործել շրջանի համայնքի համար:
Քանի որ բոլոր շրջանների համայնքները և բնակիչները արժանի են ունենալու լաւագոյն յարմարութիւններ, մեր կարողութիւնների սահմաններում, մտածում ենք ինչքան շուտ ընթացքի մէջ դնել մեր օրակարգում եղած ծրագրերի իրականացումը:
Ներկայիս ի՞նչ վիճակում են գտնւում դպրոցների կալւածները:
Մեր դպրոցների հարցը կարևորագոյններից մէկն է: Թեհրանում աշխատող դպրոցներից բացի, ուսումնասիրւել են նաև չօգտագործւող դպրոցները: Մտածում ենք այդ չօգտագործւող դպրոցների շէնքերի այլ կերպ տրամադրել համայնքի շահերին, քանի որ, մեր աշակերտութեան թւի նւազելու պատճառով, դժբախտաբար, մենք էլ այդ թւով դպրոցների կարիք չունենք: Կարելի է նաև դպրոցները մեկտեղել որակի և թւային իմաստով, որ աւելի ճիշտ կերպով ծառայի մեր համայնքին: Մենք հիմա մտածում ենք այդ դպրոցների շէնքերը անորոշ վիճակից դուրս բերել և կարելիին չափ գործածելի դարձնել:
Ի՞նչ կասէք Առաջնորդարանում Մարմնի գրասենեակի մասին:
Մարմնիս գրասենեակի կապակցութեամբ պիտի տեղեկացնեմ, որ ունի իր կարևոր և կանոնաւոր ընթացքը, ուր զբաղւում է դիմորդների կալւածները գրանցելու և կալւածների խնդիրները հետևելու հարցերով: Փորձում ենք մեր գրասենեակի աշխատանքային համակարգը թարմացնել և աշխուժացնել օթոմասիոն հնարաւորութիւններից օգտւելով: Բարեբախտաբար մեր գրասենեակում կան երկու փորձառու պաշտօնեաներ, պարոնայք՝ Սեպուհ Համբարձումեանը և Ժիրայր Մեհրաբեանը, որոնք ամէն կերպ մեզ աջակցում են մեր աշխատանքների ուղղութեամբ:
Ի՞նչ դժւարութիւնների դիմաց էք կանգնած:
Մեզ մօտ նկատւող հիմնական դժւարութիւնը նիւթական խնդիրն է, երկրի տնտեսական վիճակը և մեր նիւթական սահամանփակ աղբիւրները:
Ի՞նչ նոր մտայղացումներ և առաջարկներ ունէք ձեր բնագաւառի վերաբերեալ:
Նկատի ունենալով, որ մեր մարմինը բաղկացած է տարբեր մասնագէտներից և օգտւելով իրենց փորձառութիւններից ու գիտութիւններից, մեր հիմնական նպատակն է՝ այս շրջանում ծրագրել նոր եկամտաբեր աղբիւրներ և նախագծեր, որպէսզի կարողանանք լաւ արդիւնք քաղել: Իսկ իմ կարծիքով, արդէն իսկ բաւական ուշացած ենք ու պահանջւում է աւելի արագ որոշումներ կայացնել և իրականացնել դրանք: Իհարկէ պիտի ինկատի ունենալ օրւայ պահանջներն ու պայմանները, նաև առաջնահերթութիւն տալ եղած կալւածների լաւ օգտագործմանը և կրճատել հաւելեալ ծախսերը: