Այսօր որբուհիներ՝ ՆՈՒՆԷ եւ ՄԱՆԷ Կոյսերի յիշատակի օրն է։ Սրբուհի Նունէ եւ Սրբուհի Մանէ կոյսերը պատկանում էին Հռիփսիմեանց կոյսերի խմբին, որոնք Դիոկղետիանոս Կայսեր հալածանքների ժամանակ թողնելով հռոմը Հայաստան էին եկել:
Սակայն Տիրոջ նախախնամութեամբ նրանք այլ կերպով պիտի փառաւորէին Աստծու անունը: Այժմ համառօտ կերպով կանդրադառնանք սրբուհիների կեանքին:
ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍ.-
Սուրբ Մանէն հեռանալով Հռիփսիմեանց կոյսերի խմբից, առանձնանում է Եկեղեաց գաւառի Սեպուհ լեռը, այնտեղ մի քարայրում, աղօթքով ու ծոմապահութեամբ ճգնաւորի կեանք է վարում: Հետագայում այդ քարայրը կոչւում է` Մանէի այր:
Եկեղեցու աւանդութիւնը պատմում է, որ սրբուհու վերջին օրերին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը եւս` թողնելով կաթողիկոսական հանգամանքը, յարում է ճգնողական կեանքի, ու ցանկանում է առանձնանալ նոյն այրում, բայց դեռ մուտք չգործած լսում է սրբուհու ձայնը, որ պատւիրում է երեք օրից վերադառնալ ու նրա դին ամփոփել նոյն քարայրում: Սա Տեղի է ունենում 323 թւին:
Սրբուհի ՆՈՒՆԷ ԿՈՅՍ.-
Իսկ Նունէ կոյսը (վրացական աղբիւրներում` Նինօ), հայոց Տրդատ թագաւորի հալածանքներից ազատւելով, մեկնում է Վրաստան, Մծխիթայ մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղօթական կեանքով, քարոզում եւ ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների եւ բարեգործութիւնների լուրը արքունիք հասնելով, կոյսին տանում են արքունիք, ուր բժշկում է հիւանդ թագահուն եւ քարոզում է Տիրոջ Աւետարանը: Վրաց Միհրան թագաւորը Աստծու զօրութիւնը տեսնելով դարձի է գալիս:
Սրբուհին Աւետարանը քարոզւում է նաեւ երկրի մեծամեծներին: Այս ամէնի արդիւնքում Նունէի խորհրդով պատւիրակութիւն է առաքւում Ս. Գրիգոր Լուսաւորչին եւ Տրդատ թագաւորին` խնդրելով, որ հոգեւորականներ ուղարկեն Վրաստան քրիստոնէական հաւատքի տարածման համար: Այսպիսով սուրբ Նունէն դառնում է Վրաստանի առաքելուհին: Իսկ առաջին վրաց հայրապետը լինում է Սուրբ Գրիգոր Լուսաւորչի թոռը՝ Գրիգորիոս Սուրբ Հայրապետը: